26/04/2017 12:35
Հայաստան 4 - 0 Գերմանիա. Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնություն
Հունաստանում մեկնարկած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի է ունեցել 2-րդ տուրը, որում Հայաստանի մրցակիցն էր Գերմանիայի հավաքականը:
Մրցախաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակով` 4-0 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ են տարել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը:
2 տուրից հետո 5 հավաքական, որոնց թվում է Հայաստանի ընտրանին, վաստակել են 4-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Անգլիայի հավաքականը:
Հունաստանում մեկնարկել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որն անցկացվում է երկու տարիքային խմբերում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում է 50-ից բարձր մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: