26/04/2017 13:19
ՍԱՊԾ-ի հայտարարությունները արժանահավատ չեն. Շուկայում մարդիկ այսօր էլ անարգել ադրբեջանական խնձոր են գնել (Տեսանյութ)
«Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում այսօր էլ շարունակվում են վաճառվել ադրբեջանական խնձորներ, թուրքական լոլիկներ՝ չնայած Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարություններին, թե իրենց ծառայողների շրջայցերի արդյունքում մթերքը ոչնչացվել է:
Շուկայից սննդամթերքի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը Facebook սոցիալական ցանցում ուղիղ միացմամբ տեղեկացնում է, որ այդ գյուղմթերքի շուկայում շարունակվում է Ադրբեջանից, Թուրքիայից ներմուծված և փորձաքննության չենթարկված սննդամթերքի վաճառքը: Փորձագետը նույնիսկ 1200 դրամով առանց որևէ խնդրի գնում է DAD պիտակով ադրբեջանական խնձոր:
Վաճառողներից մեկը նույնիսկ փորձում է շեղել գնորդին՝ ասելով, թե ֆրանսիական խնձոր է ուղղակի ադրբեջանական խնձորի արկղերով:
«Եթե նկատեցիք, այդ ոչնչացված համեղ խնձորը ես ձեռք բերեցի կիլոգրամը 1200 դրամով: Տեսաք՝ մարդիկ պիտակները չեն պոկել, իրացնում են որպես ադրբեջանական արտադրանք: Երեք օր է՝ վերահսկողություն չի իրականացվել», - ցուցադրելով տոպրակը՝ ՍԱՊԾ-ի երեկվա հայտարարությանը հեգնելով նկատեց Դավիթ Պիպոյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ, սննդամթերքի անվտանգության փորձագետ Բաբկեն Պիպոյանն իր հերթին արժանահավատ չի համարում ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարությունները երևանյան շուկայում թուրքական լոլիկի ու ադրբեջանական խնձորների հայտնվելու մասին:
«Հայտարարություններից հետո և ՍԱՊԾ-ի, այսպես կոչված, կատարված աշխատանքի արդյունքում իրավիճակը ոչ միայն չի լավացել, այլ էլ ավելի է վատացել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պիպոյանը:
Նրա խոսքով՝ ՍԱՊԾ-ի գործը անում է սպառողը. շուկաներում բացահայտում է վտանգավոր մթերք, տեղեկացնում մյուսներին, իսկ ՍԱՊԾ-ն, արագ գործելու, վտանգները կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, «շատ հրաշալի քայլեր ձեռնարկեց հարցը խճճելու ուղղությամբ»:
«Արդեն քաոսային իրավիճակ է ստեղծվել, որովհետև մարդիկ սկսեցին չվստահել հայրենական արտադրանքին, քանի որ վստահ չեն, որ դա տեղականն է: Ես կասկածներ ունեմ, որ տեղականի տակ վաճառվում է թուրքական լոլիկը», - ասաց Պիպոյանը:
Նրա համոզմամբ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքը միտված էր ոչ թե սպառողների իրավունքների շահերի պաշտպանությանը, այլ «սեփական կաշին փրկելու կարողությամբ ադրբեջանական և թուրքական տնտեսությունների զարգացմանը»:
Նշենք, որ շուկայում ադրբեջանական խնձորների վաճառքի շուրջ աղմուկը բարձրացավ ապրիլի 23-ին, երբ սպառողներից մեկը սոցիալական ցանցում հրապարակեց լուսանկար, հետո՝ տեսանյութ, որտեղ ներկայացնում էր, թե ինչպես են երևանյան խանութներում վաճառում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ խնձորներ (DAD): Դրանից միայն մի քանի օր հետո՝ ապրիլի 25-ին, ՍԱՊԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ ասելով, որ կատարվել են շրջայցեր, հայտնաբերված խնձորները ոչնչացվել են: ՍԱՊԾ-ն նաև տեղեկացրել էր, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան՝ ակնարկելով, թե խնձորները Հայաստան ներկրվել են մաքսանենգ ճանապարհով: ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր ասել էր, որ մաքսանենգության դեպքի որևէ տվյալ ՊԵԿ-ը չունի: