26/04/2017 10:56
Ադրբեջանական խնձորների հետ կապված ՊԵԿ-ը մաքսանենգության տվյալ չունի
ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն մաքսանենգության մասին որևէ տվյալ չի տիրապետում, որի հետևանքով կարող էին Հայաստանի շուկայում ադրբեջանական խնձորներ հայտնվել: Այդ մասին Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեց ՊԵԿ մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պայմաններում են շուկայում հայտնվել Ադրբեջանի արտադրանք համարվող խնձորները:
ՊԵԿ մամուլի խոսնակը հարցը լսելուց հետո նախ հորդորեց դիմել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Սակայն երբ փոխանցեցինք, որ ՍԱՊԾ-ն արդեն հայտնել է, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան և հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է մաքսանենգ ճանապարհով են դրանք ներկրվել Հայաստան, Նելլի Մանուչարյանը պատասխանեց.
«Այս պահին Պետական եկամուտների կոմիտեն մաքսանենգության որևէ տեղեկության չի տիրապետում»:
Aysor.am-ը նաև պաշտոնական հարցում է կատարել ՊԵԿ-ին, և Նելլի Մանուչարյանը ասաց, որ կուսումնասիրեն ու կպատասխանեն հարցմանը:
Նկատենք, որ արդեն մի քանի օր է՝ երևանյան խանութներում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերով կանաչ խնձորներ են վաճառվում, ինչը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել հատկապես սոցիալական ցանցերում:
Երեկ ՍԱՊԾ լրատվական ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:
ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:
«ՍԱՊԾ-ն այս տեղեկատվությունը՝ կից լուսանկարներով, փոխանցել է նաև պատկան այլ մարմինների՝ հետագծելիության սկզբունքով ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում և՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան», - նշել էին ՍԱՊԾ-ից: