28/04/2017 14:24
Զախարովան «գռեհիկ» է անվանել դիվերսանտ Դիլհեմ Ասկերովի մասին ադրբեջանական ԶԼՄ-ի հոդվածները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումների վերաբերյալ: Հրապարակումներն ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքն են Զախարովայի տեղակալ Արտյոմ Կոժինի մեկնաբանությանն Արցախում ձերբակալված և պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտ Դիլհեմ Ասկերովի վերաբերյալ, որը նաև ՌԴ քաղաքացի է:
«Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածները: Դրանք ոչ թե վերլուծություն են կամ քննադատություն, այլ ուղղակի գռեհիկ նյութեր են: Եվ դրանից հետո խնդրո՞ւմ եք, որ ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնեմ: Այդպիսի հոդվածներից հետո նույնիսկ շփվելու ցանկություն չկա, անկեղծ ասած: Մենք բաց ենք ԶԼՄ-ների համար, սակայն ոչ ոք թույլ չի տալիս գռեհիկ արտահայտվել», - ասել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ ջանքեր է գործադրում ՌԴ ԱԳՆ-ն Դիլհեմ Ասկերովին ազատելու համար:
«Դա լրագրողական աշխատանք չէ: Դա գռեհիկություն է: Չեմ կարող այլ կերպ բնութագրել: Մի բան է տեղեկացնել սեփական հանրությանը, այլ բան՝ մշտապես խնդրահարույց հարցերն օգտագործել երկու ժողովրդների և երկրների միջև հակակրանք բորբոքելու համար: Սակայն, դա նրանց չի հաջողվի: ...Անհասկանալի է, թե ինչու են լրագրողներն ուզում վնասել երկկողմ հարաբերություններին: Պետք է նրանց հարցնել, արդյոք դա օգուտ է բերում հենց Ադրբեջանին», - ասել է Զախարովան: