28/04/2017 13:46
Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժեց ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ընթերցելով որոշումը, նշեց, որ դաշինքի դիմումը պատշաճ փաստարկված չի եղել, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տվել պայքարել ընտրակեղծարարությունների դեմ և հնարավորինս թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել:
ՍԴ նախագահն ընդգծեց, որ դիմողի կողմից բերված փաստարկները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
«Սահմանադրական դատարանը կարծում է, որ նման իրավիճակներում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս», - նշեց ՍԴ նախագահը:
ՍԴ որոշման ընթերման ժամանակ հայցվոր կողմը (Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյան, փաստաբաններ Տիգրան Եգորյան, Վահե Գրիգորյան) դահլիճում ներկա չէր: