03/05/2017 13:01
Ես հավի ճուտ չեմ, որ իմ վրա հաշվեհարդար տեսնեն, ես էլ ասեմ՝ լավ էլի, վայ-վայ-վայ. Նապոլեոն Ազիզյան
«Ծառուկյան» դաշինքով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը, ում անունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել, պատրաստվում է հետ վերցնել իր անունից դիմումը և ստանալ պատգամավորական մանդատը:
«Ապրիլի 2-ից մինչև հիմա ես մեր տանը հիվանդ պառկած եմ, ես ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել: Ինքնաբացարկի դիմումը կամ պետք է գնալ նոտարական վավերացմամբ անել, կամ պետք է գնալ ԿԸՀ գրել, ես ոչ մեկը չեմ արել: Թե հիմա ինչ թուղթ է հայտնվել ինքնաբացարկի մասին, չեմ իմանում: Ես էլ ձեր նման երեկ մամուլից եմ իմացել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նապոլեոն Ազիզյանը:
Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր անունից ներկայացված դիմումը հետ վերցնել չի պատրաստվում. «Ես դիմում չեմ գրել, ի՞նչը գնամ հետ ուզեմ: Էդ ընենց մի հատ բան չի, որ ասի՝ կոշիկդ տուր ինձ, շորդ տուր ինձ: Մարդիկ քվեներ են տվել, ես ո՞նց կարող ա առանց բանի գնամ ինքնաբացարկի դիմում գրեմ: Բոլոր օրենքներով ամրագրված ա, որ ես ընտրված պատգամավոր եմ: Ինչ ուզում են, թող անեն»:
Դիտարկմանը, թե Ազիզյանը, փաստորեն, ընդդիմանում է Գագիկ Ծառուկյանի կամքին, Ազիզյանը արձագանքեց. «Գիտեք՝ մի քիչ տգեղ ա էլի, ընտրությունները չի կարող մեկի կամքը լինել: Ճիշտ ա, ընտրությունների առյուծի բաժինն իրանն ա, ինքնա ֆինանսավորել քարոզարշավը, բարոյապես աջակցել, բայց Գագիկ Ծառուկյանը ինքն ա որոշում… եթե ինքն էր որոշում, թող անունները գրեր միանգամից տաներ տար, էլ ի՞նչ ընտրություն»:
Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ չի վախենում Գագիկ Ծառուկյանի կամքին ընդդիմանալուց.
«Ես չեմ վախենում, որ մեկը իմ նկատմամբ հաշվեհարդար կտեսնի: Կարող ա ուզենան տեսնեն, ես պատրաստ եմ: Ես էն մարդը չեմ, որ քաշվեմ, վախենամ: Ես արդար, մաքուր մարդ եմ, շնորհակալ եմ իմ ընտրողներին: Հաշվեհարդար-բան իմ համար անցած էտապներ եմ: Ի՞նչ պտի անեն: Ծառուկյանը նման բան ո՞նց կարա անի: Ես հավի ճուտ չեմ, որ իմ վրա հաշվեհարդար տեսնեն, ես էլ ասեմ՝ լավ էլի, վայ-վայ-վայ»:
Նա պնդեց, որ ինքը հաստատ լինելու է 6-րդ գումարման խորհրդարանում: