04/05/2017 13:38
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավորը Տաթևիկ Գրիգորյանն է
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատավարությունը կանցկացվի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Նշենք, որ այսօր Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015-ի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինին կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:
Զինված խմբի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը:
Սակայն, ըստ նույն մեղադրական եզրակացության, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանն ու Գալուստ Գրիգորյանը «գիտակցելով կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից»:
Հրայր Թոփչյանի մասով մեղադրական եզրակացության մեջ նշվումէ հետևյալը. «Հրայր Թոփչյանը գիտակցելով կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերդարձնելու ժամանակ,ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին»:
Այս գործով մեղադրյալ է նաև Գևորգ Սաֆարյանը, որը հիշեցնենք մի քանի տարի առաջ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ էր տեղադրել, ինչի հետևանքով առաջացել էր քաշքշուկ իր և ոստիկանների միջև: Այժմ Սաֆարյանը ազատազրկման մեջ է:
Գևորգ Սաֆարյանը այս քրեական գործի շրջանակներում մեղադրվում է այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015-ի ապրիլի 24-ին Երևանում բնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ: