05/05/2017 12:00
ԵԱՀԿ գրասենյակի փակման բացասական ազդեցությունը Հայաստանի վրա զգալի կլինի. Ալեքսանդր Մարկարով
Ադրբեջանն իր վետոն օգտագործեց՝ չհամաձայնելով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի շարունակությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Այս հարցը քննարկվում էր դեռ նախորդ տարի Վիեննայում: Մասնավորապես, այն բանից հետո, երբ Ադրբեջանն օգտագործեց իր դե ֆակտո վետոյի հնարավորությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման վերաբերյալ: Սկզբնական շրջանում Ադրբեջանն օգտագործեց այն պատրվակը, որ ԵԱՀԿ գրասենյակը զբաղվում է ոչ միայն Հայաստանին առնչվող հարցերով, այլ միջնորդում է Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի բարձրաձայնմանը», - ընդգծեց նա:
Խոսելով գրասենյակի փակման հետևանքների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ այսպիսով ԵԱՀԿ-ն զրկվում է Հարավային Կովկասում գործող իր վերջին մշտական գրասենյակից, քանի որ փակվել են նաև Վրաստանում և Ադրբեջանում գործող գրասենյակները. «ԵԱՀԿ-ն ավելի քիչ հնարավորություններ կունենա անմիջականորեն մասնակցելու Հայաստանում որոշ ծրագրերի իրականցմանը»:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գրասենյակի փակման բացասական ազդեցությունը Հայաստանի վրա զգալի կլինի:
«ԵԱՀԿ գրասենյակներն արդյունավետ աշխատում էին Հայաստանյան իշխանություների տարբեր կողմերի հետ, մեկ այլ հարց է, թե արդյոք գրասենյակի բացակայությունը բացասական կանդրադառնա համագործակցության վրա: Բնականաբար, շատ ավելի բարդ կլինի հարաբերությունները շարունակել առանց գրասենյակի առկայության», - նշեց նա:
Ադրբեջանի այս քայլը, ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը միտված չէ կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային ատյաններում.
«Այդ քայլով Ադրբեջանը բացարձակ չի նպաստում տարածաշրջանում կայունությանն ու զարգացմանը, որը նա փորձում է ներկայացնել որպես իր քաղաքականության նպատակ: Պրակտիկ քայլերը բացարձակ չեն համընկնում այն քայլերի հետ, որոնք նրանք հնչեցնում են»: