05/05/2017 13:08
Ադրբեջանն աշխարհով մեկ ասելու է, որ կարող է փակել որևէ գրասենյակ Հայաստանում. Թևան Պողոսյան
ԵԱՀԿ խորհրդարանի վեհաժողովի հայտարարությունն առ այն, որ Երևանի ԵԱՀԿ գրասենյակը դադարելու է իր գործունեությունը, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կարող է Հայաստանում ցանկացած գրասենյակ փակել, Aysor.am թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Քաղաքական մեսիջն այն է, որ Ադրբեջանը բոլորին աշխարհով մեկ ասելու է, որ ինքը կարող է փակել որևէ գրասենյակ Հայաստանում: Ես ցավում եմ, որ ամբողջ ԵԱՀԿ-ն՝ իր ներուժով և այդքան երկրների ներգրավածությամբ, այնքան պոտենցիալ և ուժ չգտավ իր մեջ, որ կարողանա հաղթահարել Ադրբեջանի կապրիզը», - նշեց նա:
Հարցին՝ ի՞նչ է կարող է նշանակել Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենի հայտարարությունն այն մասին, թե իրենք, մինչև գրասենյակի փակվելը, փորձելու են գտնել փոխզիջումային լուծում, Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Ինձ համար խնդիրն, իր մոտեցմամբ, մի տեսակ, անհասկանելի է: Փաստորեն, գրասենյակը արժեք չէր ներկայացնում, որպեսզի դրա համար պայքարե՞ն: Չէ որ, գրասենյակն այստեղ գտնվում է Հայաստանի ցանկությամբ, և մեր բոլորի խնդիրներին ու շատ հարցերին մեծ օժանդակություն էր ցուցաբերվում: Ուրեմն, եկեք Ադրբեջանի կապրիզին դիմանանք ու գտնենք այլ լուծում»:
Թե ինչ հետևանքներ կունենա գրասենյակի փակումը Հայաստանի համար, ըստ Թ. Պողոսյանի, բոլոր այն ծրագրերը, որոնք առնչություն ունեին տվյալ կառույցի հետ, կունենան հետընթաց, քանի որ գրասենյակի այստեղ գնտվելը միայն տեխնիկական ծրագրերի ներկայությունը չէր: