10/05/2017 17:50
Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված Պողոսյանն ասել է՝ «Իգլա»-ն տեղափոխվել է Սամվել Բաբայանի պատվերով՝ 50 հազար դոլարի դիմաց
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է «Իգլա»-ի տեղափոխման գործով 3-րդ կալանավորված Արմեն Պողոսյանի ցուցմունքների հիման վրա: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձի, որոնցից մինչ այս պահը հայտնի էին միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Քալաշյանն ասաց, որ երրորդ անձը Արմեն Պողոսյանն է, որին իր պաշտպանյալ Սամվել Բաբայանը երբևէ չի ճանաչել:
«Արմեն Պողոսյանն իր ցուցմունքում Սամվել Բաբայանի դեմ ընդամենը մեկ նախադասություն է գրել՝ ենթադրում եմ, որ այդ ռազմամթերք «Իգլա»-ն Վրաստանից Հայաստան տեղափոխվել է Սամվել Բաբայանի պատվերով: Սակայն Բաբայանն ասում է, որ ինքը Պողոսյանին չի ճանաչում և նրա հետ շփում չի ունեցել», - ասաց Քալաշյանը:
Պողոսյանը նաև իր ցուցմունքում ասել է, որ մաքսանենգ ճանապարհով «Իգլա»-ի տեղափոխման համար իրեն խոստացել են 50 հազար ԱՄՆ դոլար:
«Լիովին անհիմն մեղադրանք է, քանի որ դա մյուս հանգամանքների հետ մեկտեղ մեղադրանքի ձևակերպումներից մեկն է հանդիսանում, որ իբրև թե այդ 50 հազար դոլարը պետք է Բաբայանը տար: Բայց նման բան չկա, ու գործով ոչ մի տվյալ չկա, որ այդ հանգամանքը կարող է հաստատել: Իրականում ես միայն մեկ բան կարող եմ ասել, որ պարոն Բաբայանը այդ ռազմամթերքի ձեռքբերման հետ ոչ մի կապ չունի՝ ոչ պատվիրել է, ոչ գումար պետք է տար, ոչ էլ տեղյակ է եղել: Դա հստակ է», - նշեց փաստաբանը:
Նա ասաց, որ և ինքը և իր պաշտպանյալը առայժմ հստակ դիրքորոշում չունեն, թե արդյոք այս գործը քաղաքական ենթատեքստ ունի:
«Ինչպես ես, այնպես էլ պարոն Բաբայանն այդ հարցում հստակ դիրքորոշում չունենք, դա հետո կերևա», - հավելեց Քալաշյանը:
Բաբայանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ավետիս Քալաշյանը բացի Վճռաբեկ դատարան խափանման միջոցի վերաբերյալ բողոք ներկայացնելուց, այլ քայլերի չի դիմի:
«Մենք այն տակտիկան ենք ընտրել, որ առայժմ համբերատար կսպասենք, կմասնակցենք բոլոր քննչական գործողություններին, պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցադրումների, տեսնենք՝ գործն ինչ ընթացքով է գնում: Հույս ունենք, որ օբյեկտիվորեն եթե նախաքննությունը շարունակվի, այդ մեղադրանքը կերկարացվի: Եթե տեսնենք, որ հակառակն է տեղի ունենում, արդեն ակտիվ գործողությունների կանցնենք», - ասաց Քալաշյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, փաստաբանը հրաժարվեց պատասխանել:
Նախաքննությունից ձեռնպահ է մնում տվյալներ հրապարակել գործով մյուս կալանավորված Սանասար Գաբրելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը:
«Ես հրաժարվում եմ որևէ բան հրապարակել, որովհետև կարծում եմ, որ իմ ասածները հետո կարող են իմ դեմ օգտագործել և, հնարավոր է, խոչընդոտներ առաջանան նախաքննության հետագա փուլում», - ասաց Աղաջանյանը:
Նա միայն պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ և ավելին՝ կան մեղադրանքը հերքող ապացույցներ, որոնք ինքը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի կարող հրապարակել:
Գաբրիելյանի փաստաբանը ևս դիմել է խափանման միջոցի վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: