18/05/2017 21:00
Թմրանյութերի օգտագործումից աշխարհում տարեկան մինչև 200 հազար մարդ է մահանում
Աշխարհում շուրջ 250 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում թեկուզ և տարեկան մեկ անգամ, նրանց թվում 30 միլիոնը մշտական թմրամոլներ են, հայտնել Է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության հարցերով զբաղվող վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Այսօրվա դրությամբ աշխարհում 250 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում, ներառյալ նրանք, ովքեր դա անում են փորձի ձևով տարեկան մեկ անգամ: Այդ մարդկանցից 30 միլիոնը մտնում է խնդրահարույց կատեգորիայի մեջ, խոսքը նրանց մասին է, ովքեր տառապում են թմրակախվածությունից և ուղեկցող հիվանդություններից», - հինգշաբթի նշել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակներում կայացած դասախոսության ժամանակ:
Ամեն տարի աշխարհում մինչև 200 հազար մարդ է մեռնում թմրանյութերից: 11,5 միլիոն մարդ թմրանյութեր գործածում է ներարկման եղանակով: Նրանց 52 տոկոսը վարակված է հեպատիտ C-ով, 14 տոկոսը՝ ՄԻԱՎ-ով: «Այս թվերի հետևում միլիոնավոր մարդկանց և նրանց մերձավորների տառապանքներն են», - նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: