19/05/2017 19:12
Վաղ միջնադարի հայկական ճարտարապետության խորհրդանիշը Զվարթնոցն է
Զվարթնոցի տաճարը, որը կառուցվել է 643-652 թվականներին, համարվում է վաղ միջնադարի հայկական խորհրդանիշ: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
«Մեր պատմության ամեն մի շրջափուլային դարաշրջան ունի իր խորհրդանիշը, այդ թվում՝ վաղ միջնադարի մեր ճարտարապետությունը, որի խորհրդանիշը Զվարթնոցն է: Քանի որ այն իր մեջ ամփոփում է և՛ մշակութային, և՛ ճարտարապետական, և՛ քաղաքական, և՛ հոգևոր բարձր գաղափարներ», - նշեց նա:
Նշենք, որ տաճարի կառուցումը համընկել է այն ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանը գտնվում էր Բյուզանդական կայսրության տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները: Այդ մասով մեր զրուցակիցը մանրամասնեց, որ տաճարը կառուցված է՝ ելնելով հայկականը պահպանելու անհրաժեշտությունից, նաև մեջը ներդնելով միջազգային ճարտարապետության տարրեր:
Նա մեզ պատմեց, որ տաճարի հատակի կենտրոնում գտնվող խաչը հավասարաթև է՝ շրջանի մեջ, ինչպես միջնադարում ընդունված էր պատկերել խաչը, և այն նայում էր ուղիղ գմբեթի կենտրոնին: Նախշերը, հիմնականում, խաղողը և դեռ Ուրարտական թագավորության ժամանակ անմահության խորհրդանիշ նուռն էին:
«Սկզբունքորեն տաճարն ամբողջ քրիստոնեական գաղափարախոսության էությունն է՝ մարմնավորված քարի մեջ: Եվ եթե ցանկություն կա հասկանալու՝ ինչ է Հայաստանը, հայկական ճարտարապետությունը, հոգին և սերը դեպի հավատը, ապա անհրաժեշտ է այցելել Զվարթնոց», - հավելեց նա:
Նշենք, որ տաճարը կառուցվել է կաթողիկոս Ներսես Շինարարի օրոք: Այն համարվում է Տրդատ III-ի և Գրիգոր Լուսավորչի հանդիպման վայրը: Տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը, որից հետո երկրաշարժի հետևանքով փլվել է. այժմ պահպանվել են միայն տաճարի ավերակները: