23/05/2017 12:04
Երկրի ղեկավարի մակարդակով հստակ ակնարկներ եղան, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխվել է. Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ վերջին օրերին սահմանին տիրող լարվածության պատճառը մեկն է՝ թշնամանքը, բայց առիթները տարբեր են ու բազմաթիվ:
«Վերջին շրջանի զարգացումներում, թերևս, ամենակարևորն այն չէր, որ ադբեջանցիները «Սպայկով» խոցեցին հայկական ռազմական տեխնիկան, ոչ էլ հայկական կողմի պատժիչ գործողություններն էին, պատճառը քաղաքական այն գործընթացներն են, որոնց մենք ականատես ենք լինում և որոնց ընթացքում բավականին հետաքրքիր շեշտադրումներ եղան», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետն ընդգծեց, որ այս առումով ուզում է կանգ առնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 6-րդ գումարման Ազգային ժողովում տեղի ունեցած ելույթին:
«Ուզում եմ առանձնացնել երեք գլխավոր կետ, երբ նախագահը խոսում էր փոխզիջումային տրամաբանության մասին, ասաց, որ փոխզիջում ասելով՝ մենք հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, երկրորդը` մադրիդյան սկզբունքների քննադատությունն էր նախագահի կողմից: Երբ նա խոսում էր այդ սկզբունքների պարագրաֆներից մեկի մասին, ասաց, որ բավականին շատ հարցեր են առաջացնում ու լավ է, որ դրանք կյանքի չեն կոչվել, որովհետև, ըստ էության, մենք կունենայինք մի նախադեպ, որը 1970 թվականից մինչ օրս կյանքի չի կոչվել ու լուծման պատճառ չի դարձել, երրորդը` զուտ բանակցող փաստաթղթին էր վերաբերում. Սերժ Սարգսյանն ասաց, որ Կազանյան փաստաթուղթը դեռ արխիվ չի ուղարկվել, բայց դրան հավելեց, որ մինչ օրս որևէ մեկը հրապարակավ ճիշտ չի ներկայացրել այն փաստաթուղթը, որը տարիներ շարունակ քննարկվում էր, այսինքն` ակնկարկ է արվում միանգամայն այլ փաստաթղթի մասին, որը դեռևս հայտնի չէ», - ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով` այս ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացում իրավիճակն այն չէ, ինչ հաճախ ներկայացվում է մամուլում:
«Երկրի ղեկավարի մակարդակով հստակ ակնկարկներ եղան, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխվել է», - ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը: