23/05/2017 14:51
Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն. Էդվարդ Նալբանդյան
Մայիսի 23-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ պատվիրակությունը գլխավորել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:
Կողմերն անդրադարձել են Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին:
Հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության 2017-2020 թթ. առաջնահերթությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում բարձր մակարդակի փոխայցերին, Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցություններին, ԵՄ տարբեր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:
Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս է հայտնվել որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:
Անդրադարձ է կատարվել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին:
Ընդգծվել է Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում: