25/05/2017 11:04
Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց. Տեսանյութ
Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։ Նրան ծանոթներն ու հարազատները դիմավորեցին ծափահարություններով։
Հիշեցնենք՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ էր իրականացնում պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական պայմանները, խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:
Ըստ քրեական գործի՝ նա քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինիս թոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։
Վոլոդյա Ավետիսյանը բազմիցս հայտարարում էր, որ չի ընդունում մեղադրանքն ու պնդել, որ իշխանությունները պարզապես փորձում են պատժել իրեն կազմակերպած բողոքի ակցիաների համար։ Հայաստանի և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարանները մերժեցին Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքները, և ազատամարտիկը շարունակեց մնալ անազատության մեջ։
Վոլոդյա Ավետիսյանը բազմիցս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար, սակայն նրա դիմումները մերժվել են։