27/05/2017 11:02
Երևանում մեկնարկում է «ԲարՔեմփ 2017»-ը
Մայիսի 27-ից 28-ը Երևանում անցկացվելու է արդեն ավանդույթ դարձած երիտասարդական (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2017»-ը: Այն Երևանում անցկացվում է արդեն 9 տարի: «ԲարՔեմփ»-ն իր հարկի տակ միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների հազարավոր մասնագետների:
(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան վեց միջազգային հյուրեր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2017»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին ԲարՔեմփ Երևանի մասնակիցների թիվը հասնում էր 300-ի, իսկ 8 տարի անց՝ գերազանցեց 3000-ը: