30/05/2017 12:33
Հայաստանում ստեղծվում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրով դպրոցների ցանց
Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում այսօր Մատենադարանում ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը:
«Սա բավականին հետաքրքիր շնորհանդես է, որովհետև, երբ ի վերջո Հայաստանում ստեղծում ենք գերազանցության կենտրոններ, դրա հիմնական դերակատարությունը ունեցած որակը աստիճանաբար դեպի ընդհանուր համակարգ փոխանցելն է», - շնորհանդեսօն ասաց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:
Միջոցառմանը ներկայացված են ԱԲ ծրագրին միացող առաջին դպրոցները ՀՀ մարզերից և Արցախից: ԱԲ ծրագրով ձեռք բերված արդյունքները, Լ.Մկրտչյանի խոսքով, փոխանցվում են դեպի ընդհանուր հանրակրթական համակարգ:
«Սա նաև առիթ է, որպեսզի մենք հասկանանք, որ հանրակրթության մեջ ունենք որոշակի կայուն որակ, որը գերազանցության կենտրոնների միջոցով զարգացնելու պարագայում կարող ենք ունենալ միջազգային կարգի արդյունքներ», - նշեց նախարարի պաշտոնակատարը:
Լ.Մկրտչյանը նշեց, որ «Արարտյան բակալավրիատը» Քեմբրիջյան համակարգի ճանաչում ստացած ծրագիր է:
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում որոշեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում և ճանաչել ԱԲ քննության արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար: