01/06/2017 13:05
Մենք կառավարելի չենք և չենք վերահսկվում որևէ մեկի կողմից. Լենա Նազարյան
«Ելք» խմբակցությունը կաշկանդված չէ իր հասցեին հնչած մեղադրանքներից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ «Ելք»-ն իշխանության պրոեկտ է:
«Ասում են, որպեսզի անվստահություն սերմանեն մեր հանդեպ, որովհետև մարդիկ մեզ վստահում են, բայց, միանշանակ, կարող եմ ասել, որ մենք կաշկանդված չենք որևէ բանով, մենք կառավարելի չենք և չենք վերահսկվում որևէ մեկի կողմից», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խմբակցության ազատ և անկաշկանդ գործելու ապացույցը կլինի խորհրդարանում իրենց աշխատանքը:
Լ. Նազարյանի դիտարկմամբ՝ ԱԺ-ն խոսակցության վայր է և պարտադիր չէ, որ այդ խոսակցությունը մյուս խմբակցություններին ուղղված լինի: Պատգամավորի խոսքով՝ այն նախևառաջ ուղղված է հանրությանը:
«ԱԺ-ում մեր խնդիրն է բանավեճի համար առիթներ ստեղծել, որովհետև խորհրդարանն առանց բանավեճերի հնարավոր չէ պատկերացնել: Ես հակված եմ հանրության շրջանում այդ բանավեճերը տարածելու, որովհետև կան հանրության շերտեր, որոնք իրենց կյանքի հետ կապված հարցերին անհաղորդ են մնում», - ասաց նա:
Պատգամավորը նաև չբացառեց, որ կլինեն իրավիճակներ, երբ ներկայացած նախագծերի ընդունվելու կամ չընդունվելու վրա խմբակցությունը քվեարկությամբ ազդեցություն չի կարողանա ունենալ, մինչդեռ սա ևս չի կաշկանդի «Ելք»-ին՝ իրենց գործունեության մեջ:
«Մենք այստեղ ենք քաղաքական բովանդակություն ստեղծելու համար: Ցանկացած նախագծի համար ունենք մեր այլընտրանքային առաջարկը: Եթե այն հանրային շահի տեսանկյունից նպաստավոր է և խնդիր չկա մերժելու, բայց մերժվում է, ապա կհնչեն քաղաքական գնահատականներ, որովհետև ակնհայտ կլինի, որ ոչ թե հանրային, այլ մասնավոր շահն է առաջնային դառնում», - ասաց նա: