14/06/2017 14:02
Փաստաբանը պահանջեց արդարացնել Արարատ Խանդոյանին. Հնչեց պաշտպանական ճառը
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արարատ Խանդոյանի գործով նախավերջին դատական նիստը: Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը այսօր նիստում հանդես եկավ պաշտպանական ճառով:
Հիշեցնենք՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գնդից դուրս, Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններից հետո կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանը մեղադրվում է մասսայական անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Այս գործով տուժող էին 46 ոստիկան, որոնց, ինչպես Խանդոյանն էր դատարանում հայտարարել, չի ճանաչում: Նա դատարանում հայտարարել էր, որ այդ օրերին հենց ոստիկաններն են իր ու այլ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրել՝ բռնի ուժով նրանց տեղափոխելով ոստիկանության բաժիններ:
Պաշտպանը իր ճառում հայտարարեց, որ ոստիկանների ցուցմունքները արժանահավատ չեն, քանի որ դրանք հիմնված են «չգիտեմ»-ների ու ստի վրա:
«Ոստիկանության ծառայողները ցուցմունք են տալիս՝ չիմանալով՝ ով է Արարատ Խանդոյանը, հետևաբար այդ ցուցմունքները արժանահավատ չեն», - իր պաշտպանական ճառում հայտարարեց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Ըստ փաստաբանի, դատաքննության արդյունքում չի հիմնավորվել Խանդոյանին առաջադրված մեղադրանքը: Նա դատարանին միջնորդեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալին և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Արարատ Խանդոյանը միջնորդեց հանդես գալ ճառով ավելի ուշ, քանի որ այսօր պատրաստ չէր: Դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց հաջորդ նիստը անցկացնել հունիսի 27-ին: Ամբաստանյալի պաշտպանական ճառից հետո դատավորը կկայացնի դատավճիռը:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: