20/06/2017 15:49
Երեխաները հոր հետ միասին ճնշել ու նվաստացրել են մորը, ծաղրուծանակի ենթարկել նրան. Նաիրա Սմբատյանի գործից
Նաիրա Սմբատյանը ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից շարունակական բռնության է ենթարկվել և այժմ էլ բռնարար ամուսինը իր տարբեր նպատակների իրագործման համար ծառայեցնում է երեխաներին: Այսօր «Ընտանեկան բռնության ենթարկված Նաիրա Սմբատյանի դատական գործերի ընթացքը. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Նաիրա Սմբատյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Ամուսնու կողմից ոչ ադեկվատ վարքագիծը միշտ դրսևորվել է տարբեր ձևերով. հիմնականում եղել են ոչ այնքան ծեծի, խոշտանգումների դեպքեր, որքան հոգեբանական ճշնումներ են գործադրվել կնոջ նկատմամբ», - հայտարարեց փաստաբանը:
Հատկանշական է, որ այդ ճնշումները Նաիրա Սմբատյանի վրա գործադրվել են ոչ միայն ամուսնու, այլ նաև երկու անչափահաս՝ 15 և 13 տարեկան աղջիկ երեխաների կողմից:
«Ընտանիքի ներսում եղել է ծաղրուծանակ մոր, կնոջ նկատմամբ, խոսքերով, բառերով ճնշել են, նվաստացրել են, և մայրը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել՝ ինչպես վարվել, մոր ֆունկցիաները ճիշտ իրականացնի ու վատ իրավիճակում չհայտնվի: Դրա հետևանքով հունվարի 3-ին մեծ վիճաբանություն է տեղի ունեցել, որը շարունակվել է մինչև հունվարի 4-ը: Այդ ժամանակ Արա Խաչատրյանը բռնության է ենթարկել կնոջը՝ Նաիրա Սմբատյանին, ոտքերով ձեռքերով հարվածներ է հասցրել նրան: Երբ Նաիրա Սմբատյանը փորձել է երեխաներին վերցնել դուրս գալ տնից, Խաչատրյանի քույրերը փորձել են թույլ չտալ, ընդդիմացել են, և Նաիրա Սմբատյանը տնից փախնում է ծեծված վիճակում», - ներկայացրեց փաստաբանը:
Ոսկանյանի խոսքով՝ Նաիրա Սմբատյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, տվել ցուցմունքներ, բայց որոշվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնել Արա Խաչատրյանի նկատմամբ: Այդուհանդերձ, Սմբատյանի պաշտպանությունը բողոքարկում է այդ որոշումը: Բացի այդ, Ոսկանյանի փոխանցմամբ, Նաիրա Սմբատյանի մասով դատարանում քննվում է նաև երեխաների խնամակալության հարցը:
Սմբատյանի մյուս փաստաբան, «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ Նոնա Գալստյանն իր հերթին տեղեկացրեց, որ Նաիրա Սմբատյանը երեխաների հարցով դիմել է բազմաթիվ մարմինների, ահազանգել ոստիկանությանը, որ երեխաները գտնվում են հոր կողմից ճնշման տակ, սակայն անարդյունք: Ավելին, ըստ փաստաբանի, երեխաները նույնիսկ դպրոց նորմալ չեն հաճախել. նրանցից մեկը դասերից 500 ժամ բացակայություն ունի:
Նրա խոսքով՝ Հայաստանում չկա մի պատկան մարմին, որը նման իրավիճակներում կկարողանա միջոցներ ձեռնարկել՝ երեխաների անվտանգությունն ապահովելու մինչև դատարանի որոշման հրապարակումը:
Փաստաբանների դիտարկմամբ՝ Նաիրա Սմբատյանի գործը մյուս նմանատիպ գործերից տարբերվում է նրանով, որ բռնության ենթարկողը վնասում է ոչ միայն կնոջը, այլև՝ իր նպատակներին հասնելու համար օգտագործում է իր անչափահաս երեխաներին:
Նույնը պնդեց նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ երեխաները հոր կողմից մոր դեմ որպես գործիք են օգտագործվել:
Բանը հասել է նրան, որ Արա Խաչատրյանը անձնական նամակներ է ուղարկում իրավապաշտպաններին՝ փորձելով վարկաբեկել նրանց:
Բանախոսները դժգոհեցին հատկապես հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի աշխատանքներից՝ պնդելով, որ այդ կառույցը «պրոֆեսիոնալ մոտեցում» չի ցուցաբերում իր իրավասության շրջանակներում ընդգրկված խնդիրների լուծման հարցում:
«Շատ դեպքերում հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում հոգեբաններ, մանկավարժներ: Կոնկրետ մեր դեպքում նիստին չի մասնակցել մանկավարժը այն դեպքում, երբ երեխաները անչափահաս են», - հավելեց Ստեփան Ոսկանյանը: