21/06/2017 14:16
Դատավորը պարտավոր է այս գործով ինքնաբացարկ հայտնել, եթե նրա համար բարոյականությունը մարդկային արժեք է. Վարուժան Ավետիսյան (Տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատական նիստը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց, և նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարզաբանման կարգով ներկայացրեց դատական նիստի անցկացման կարգը, կողմերի պարտականությունները:
Դատավորը, մասնավորապես, այդ զգուշացումն արեց այն բանի համար, որ ամբաստանյալները դատարանի՝ դահլիճ մուտք գործելու ժամանակ ոտքի չէին կանգնել: Նկատենք՝ այս գործով մեղադրյալ է 14 անձ:
Դատավորի ելույթից հետո, սակայն, միևնույն է, ապակյա պատնեշից այս կողմ քաղաքացիներին լսելի չէր ամբաստանյալների ու նրանց պաշտպանների խոսքը, ինչը առաջացրեց ներկաների դժգոհությունը: «Լուծեք հարցը», - պահանջեցին քաղաքացիները, ինչից հետո ամբաստանյալներից մեկին՝ Գագիկ Եղիազարյանին, բարձրախոս տրամադրվեց:
«Պարոն Գաբրիելյան, հայ ժողովուրդը, մասնավորապես, նաև Սասնա ծռերը բացարկ հայտնել են ոչ միայն տվյալ դեպքում դատավորին, այլ՝ դատարան կոչված, արդարադատություն կոչված կառույցին, հանցավոր ռեժիմին: Էդ բացարկը հայտնել ենք, չի ընդունվել: Եթե ամբողջ համակարգին բացարկը հայտնել ենք, ի՞նչ կարիք կա անհատապես բոլորին բացարկ հայտնել: Ամբողջ համակարգը ծառայում է մի ռեժիմին», - հայտարարեց Եղիազարյանը:
Երբ դատավորը զգուշացրեց, որ Եղիազարյանի նկատմամբ սանկցիա կկիրառվի, վերջինն ասաց, թե իր համար միևնույնն է և ինքը իր ասածներին ավելացնելու ոչինչ չունի:
Այդուհանդերձ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարզաբանեց բացարկի հիմքերը և ասաց, որ դատավորին կարելի է բացարկ հայտնել այն դեպքում, երբ դատավորը անկողմնակալ է ու կանխակալության հիմքեր է տվել իր գործողություններով:
Դատավորի ելույթը այս անգամ ընդմիջեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը և հայտարարեց. «Դատավորը պարտավոր է այս գործով ինքնաբացարկ հայտնել, եթե նրա համար բարոյականությունը մարդկային արժեք է»:
Գագիկ Եղիազարյանը միջամտեց և ասաց. «Հայաստանի Հանրապետության տերը հայ ժողովուրդն է, ոչ դատարաններն են, ոչ էլ՝ Սերժ Սարգսյանը»: Եղիազարյանի այս հայտարարությունից հետո, դատավորը նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա, և նա 6 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից: Դրանից հետո Արտուշ Գաբրիելյանը դարձյալ մեկ ժամ ընդմիջում հայտարարեց: