21/06/2017 11:08
ԼՂ հարցի կարգավորման համար պետք է լինենք ուժեղ, որ մեզ հետ բանակցողը խոսի մեր ուզած ձևաչափով. Վարչապետ
Կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այս պահին չեմ կարող մտաբերել` մեկ նախադասություն է, թե` չէ, բայց ամբողջ ծրագիրն ուղղված է հենց մեր անվտանգության բարձրացմանը, այսօր Ազգային Ժողովում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
Նա արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ով հետաքրքրվեց` ինչու՞ է Կառավարության նոր ծրագրում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ միայն մի նախադասություն գրված և ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը տեսնում հարցի կարգավորումը:
«Ամբողջ ծրագիրը ես, ճիշտն ասած, կասեի, որ ուղղված է մեր անկախությանը, մեր անվտանգության բարձրացմանը և պաշտպանության ոլորտում բոլոր քայլերն ուղղված են դրան: Ի՞նչ պետք է անենք, պետք է ուժեղ լինենք, որ մեզ հետ բանակցողը խոսի այն ձևաչափով ու տրամադրությամբ, որով մենք ենք ուզում: Ես կարծում եմ, որ մենք բոլոր նախանշված քայլերն անելու դեպքում, կունենանք լավ բանակցային պազիցիա և կկարողանանք պաշտպանել ներ շահերը», - ամփոփեց վարչապետը` Տիգրան Ուրիխանյանին խնդրելով այլ առաջարկներ ունենալու դեպքում ներկայացնել դրանք Կառավարություն: