21/06/2017 14:09
Մեյը խոստացել է Brexit-ի ընթացքում հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Եվրամիությունից երկրի դուրսբերումն իրականացնել «սահուն ու կազմակերպված»՝ լսելով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքը, ասված է վարչապետի էլեկտրոնային նամակում, որն ուղարկվել է երկրի քաղաքական իստեբլիշմենթի ներկայացուցիչներին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահաճառից առաջ, որը բրիտանական խորհրդարանում կհրապարակի կառավարության երկամյա ծրագրի հիմնական դրույթները, փոխանցում է ТАСС-ը:
«Քանի որ դա լինելու է կառավարություն, որը խորհրդակցում է և հաշվի առնում մյուսների կարծիքները, մենք պարզորոշ հասկանալ ենք տալիս, որ ցանկանում ենք Brexit-ն իրականացնել՝ համագործակցելով խորհրդարանի, գործարար շրջանների, երկրի ինքնավար մասերի վարչակազմերի և ուրիշների հետ, որպեսզի ապահովենք սահուն ու կազմակերպված դուրս գալը», - այդ նամակից մեջբերում է անում Financial Times թերթը:
Մեյի խոսքով՝ կաբինետի առաջնահերթ խնդիրն այն է, որ «Brexit-ն իրականացվի ճիշտ ձևով»: «Դա նշանակում է այնպիսի համաձայնագրի կնքում, որը կապահովի անցյալ տարվա հանրաքվեի արդյունքների կատարումը և կստանա առավելագույն հանրային աջակցություն», - պարզաբանել է վարչապետը:
Մեյը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը մտադիր է ոչ միայն Brexit-ի պայմանների շուրջ առավել շահավետ համաձայնագրի հասնել Եվրամիության հետ, այլև ամրապնդել տնտեսությունը, ստեղծել ավելի արդարացի հասարակություն, բարձրացնել երկրի կարգավիճակը համաշխարհային ասպարեզում և համախմբել բնակչությանը: