21/06/2017 10:46
Պետք է շարունակենք զարգացնել մեր բանակի ու զինվորի մարտունակությունը, պատրաստ ենք ամեն պահի հակահարված տալ. Վարչապետ
Այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզմից ու կարծրատիպերից հրաժարվելը, Ազգային ժողովում այսօր հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը։
«Պետք է բարձրացնենք հանդուժողականությունը, դադարենք ուղղակի քննադատողի ու դիտորդի կեցվածք ընդունելուց ու աշխատենք րոպե առաջ իրագործել մեր երկրի անհրաժեշտ ծրագիրը», - նշեց Կ. Կարապետյանը։
Վարչապետը շեշտեց՝ ներդրողը մեկ օրում արդյունք չի տա։ «Գյուղացին մեր օրում արտահանող ֆերմեր չի դառնում, կառավարիչը մեկ օրում ավելի էֆեկտիվ չի դառնում, թե ինչքանով արագ կհասնենք մեր նախանշած արդյունքներն, կախված է մեր աշխատանքի որակից ու հասարակության արձագանքից», - ասաց Կ. Կարապետյանը։
Վարչապետն ընդգծեց, որ իրենք չեն խուսափում պատասխանատվությունից։
Նրա խոսքով ՝ կառավարության 2017 թվականի ծրագիրն արտացոլում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի պատկերացումները ու տեսլականը Հայաստանի զարգացման վերաբերյալ առաջին հինգ տարիների համար։
Վարչապետը նշեց, որ կառավարության ծրագիրը ամբողջական կազմում է մոտ 125 էջ ու մանրամասն ներկայանցում է կառավարության գործողություններն ու անելիքները։
«Տարածաշրջանային անկայունությունը և անորոշության մարտահրավերները սպառնում են մեր ազգի անվտանգությանն ու Արցախի անկախությանը։ Արցախը մեզ տվել է ազատություն ու անկախության բերկրանք, ցույց է տվել, որ մենք ուժեղ ենք ու ամուր կանգնած հողին», - ասաց նա։
Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ամեն պահի հակահարված տալ Արցախի, մեր սահմանների, մեր արժեքների և ազատ ապրելակերպի նկատամամբ ցանկացած ոտնձգության։
«Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր ռազմական կարողությունները, մեր բանակի ու զինվորի մարտունակությունը, միևնույն ժամանակ, պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնենք՝ ամրապնդելով մեր հարաբերությունները բարեկամ պետությունների հետ», - ասաց նա։