24/06/2017 11:11
Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հաղորդում վթարի ենթարկված զինծառայողների մասին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հաղորդում այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարից։
«Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության», - Facebook-յան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոբուսը:
«Ավտոբուսում եղել է 14 զինծառայող, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել էր, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, ում գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են Երևան։
«Մյուս վիրավորների վիճակը բավարար է, բժիշկները ստուգում են», - հավելել էր ՊՆ մամուլի խոսնակը։