26/06/2017 14:19
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կմասնակցեն Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հաստատել են հուլիսի 4-5-ը Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին մասնակցությունը, ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդրահմանովը, փոխանցում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ բանակցություններին իրենց մասնակցությունը հաստատել նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, ինչպես նաև Հորդանանի պատվիրակությունը։ Սպասվում է, որ ԱՄՆ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչին որպես դիտորդ կուղարկի Աստանայի գործընթացի հերթական փուլում։
«Մենք սպասում ենք, որ մոտ ապագայում երաշխավոր երկրները կհաստատեն Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակության, նաև սիրիական զինված ընդդիմության պատվիրակության մասնակցությունը», - հստակեցրել է Աբդրահմանովը։
Սիրիայի կարգավորման շուրջ բարձր մակարդակի միջազգային հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-5-ին, Աստանայում։