28/06/2017 14:47
Հայաստանը պատրաստ է դիտարկել Իսրայելից սպառազինություն գնելու հնարավորությունը. Նախարար
Վերջին շրջանում ունենք Զինված ուժերի զինանոցի համալրման բավականին լուրջ գործընթացներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Բավականին լուրջ գործընթացներ ունենք արդեն մատակարարված ու առաջիկայում մատակարարվող զենք ու զինամթերքի առումով: Այդ աշխատանքը շարունակելու ենք», - ասաց նախարարը:
Անդրադառնալով սպառազինության ձեռքբերման առումով հայ-իսրայելական հարաբերություններին` Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ հայկական կողմը որևէ գնում ինքնանպատակ չի կատարում:
«Գնումները կատարվում են՝ հաշվի առնելով առաջնագծում մեր զինատեսակները կամ հակառակորդի զինանոցում առկա զինատեսակներն ու դրանց հակազդելու կամ արդյունավետությունը նվազեցնելու հնարավորությունները: Յուրաքանչյուր գնում կատարելիս միշտ ուսումնասիրում ենք ողջ շուկան` բոլոր հնարավորություններով: Եթե կլինի այդպիսի իսրայելական զենք, անպայման, կուսումնասիրենք նաև այդ տարբերակը», - ասաց Վիգեն Սարգսյանը: