13/07/2017 16:45
Կալավան. Գեղարքունիքի «շոկոլադ» դարձած գյուղը (Տեսանյութ, լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի բնակիչ 36-ամյա Ռոբերտ Ղուկասյանը, ով մասնագիտությամբ հնագետ է, կենդանաբան, նախորդ տարի վաճառել է կովը և այդ գումարով ուղևորվել Ալյասկա, այնտեղ արկածային զբոսաշրջության համաշխարհային համաժողովում ներկայացրել հարազատ Կալավանը:
Հայաստանյան այս փոքրիկ գյուղում հիմնած էկոտուրիզմի օրինակը «Time Land» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը հատուկ զեկույցով ներկայացրել է համաժողովին մասնակցած 80 երկրների 800 պատվիրակություններին: Արդյունքում Կալավանով հետաքրքրվել են Պերուից, Չիլիից, Ավստրալիայից և նույնիսկ այնքան է եղել հետաքրքրվածությունը, որ այստեղ էկոտուրիզմ հիմնած «Թայմ լենդ» գիտաուսումնական հիմնադրամը դադարեցրել է աշխատանքը:
«2017-ին պաուզա ենք վերցրել, որ օգնենք գյուղացիներին՝ հասկանալու, թե ինչպես վերանորոգել տները: Ճիշտն ասած, բոլոր մակարդակների առումներով առաջին արձագանքը եղել է մարզպետի կողմից, և դա մեզ համար անակնկալ էր: Եկավ, քննարկեցինք ու վստահ եմ, որ մարզպետարանը երկու ձեռքով մեզ հետ է ու կաջակցի մեր ծրագրերում», - ասում է Ղուկասյանը:
Այս պահին ամբողջ գյուղով նրանք կարող են բավարարել 17 հոգու պահանջարկ, բայց այն այս պահին մոտ 60-ի է հասնում: Օրինակ, 2015-ին մենք ունեցել ենք 2500 տուրսիտ: Մնացել են վրաններում, սենյակներում: Նրանց այստեղ գրավում է մարդու և բնության ճիշտ ներդաշնակությունը:
Ղուկասյանն ասում է, որ կսկսեն աշխատել 2018-ից, իսկ մինչ այդ կկառուցվի 9 հյուրատուն: «Time land» գիտաուսումնական հիմնադրամի տնօրենը 8 տարեկան հասակում Կալավան տեղափոխվել է ադրբեջանական Շամխորի շրջանի Բարում գյուղից, հաստատվել այստեղ ու այժմ երազում է զարգացնել հարազատ համայնքը:
«Ես սիրում էի հնագիտությունը և զբաղվում էի հնագիտությամբ երկար տարիներ, շատ երկրներ եմ եղել և ամեն անգամ, երբ գնում էի, ուզում էի անպայման վերադառնալ ու մի լավ բան անել իմ երկրում: Որոշեցի անել ամեն ինչ ու փորձել օգնել իմ գյուղին: Ու չէի պատկերացնում, որ մեծ ու դրական արդյունք կստանամ. մեկ տարի հետո Կալավանը բավական հայտնի դարձավ նույնիսկ աշխարհին: Մարդ պետք է երազել կարողանա, եթե կարողանում ես երազել, ամեն ինչ ամեն ինչ կլուծվի», - ասում է Ղուկասյանը:
Կալավանը փոքր գյուղ է, 116 բնակիչ ունի: Վերջին տարիներին այստեղ նույնիսկ Երևանից են եկել, հաստատվել: Դպրոցում սովորում է ընդամենը 16 աշակերտ: Գյուղի ճանապարհները, մեղմ ասած, անբարեկարգ են, փոսերով լի: Զբոսաշրջիկներին «Time Land» հասցնում են գյուղի բնակիչ վարորդները, որոնք վարձատրվում են:
«Սա ոչ թե տուրիզմ է, այլ՝ համայնքային զարգացում, որն իր մեջ ներառում է բոլոր ոլորտները: Գյուղը այնքան հիմնախնդիրներ ունի՝ խանութ չունի, ճանապարհն անբարեկարգ է: Բայց մենք անբարեկարգ ճանապարհը դարձրինք մրցակցային առավելություն և երկրորդ՝ մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, ինչը չունենք: Այն, ինչ չունենք, չունենք: Աշխարհի շատ երկրներում էլ մի բան չկա: Պետք չէ կենտրոնանալ դրա վրա», - ասում է Կալավանում էկոտուրիզմի հիմնադիրը:
Ղուկասյանն ու նրա թիմն ունեն մեկ կարևոր սկզբունք. գյուղը կտրականապես մերժում է ցանկացած տեսակի ներդրում, որն ուղղված կլինի հարուստների բիզնեսների ծաղկմանը:
«Սա մեր համայնքն է, մենք ունենք երազանք, մենք ունենք 10-ամյա զարգացման ծրագիր: Իսկ համայնքային զարգացումը հենց բնակիչներն են, և եթե ինչ-որ մեկի բիզնեսն է զարգանում, բայց գյուղացին աղքատ է, ապա դա կարելի է համարել հաջողված բիզնես պրոյեկտ: Մենք ներքին ռեսուրսներով սարքել ենք «շոկոլադ» այս գյուղը, ստեղծել ենք բարենպաստ պայմաններ բիզնեսի համար և իհարկե, մենք կտրականապես դեմ կլինենք, որ ինչ-որ մեկը գա իր բիզնեսը ներդնի այդ միջավայրի վրա: Սա արվել է գյուղի մեջ գյուղի համար, գյուղի հետ սկզբունքով», - ասում է Ղուկասյանը:
Կալավանի օրինակով, հնագետը նպատակ ունի էկոտուրիզմը կիրառել նաև Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում: