15/07/2017 14:04
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը
Հուրգադայում «Zahabia» հյուրանոցում զինված հարձակման հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Արտգործնախարարության հաղորդմամբ` Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Ացելի վաղ Տ.Բալայանը Aysor.am-ին հայտնել էր, որ վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը վիրահատվել է, վիճակը միջին ծանրության է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
«Վիրավոր մյուս քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Նրա վիճակը բավարար է», - նշել էր Տ.Բալայանը։
Խոսնակը տեղեկացրեց՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանը կապի մեջ է տուժածների հետ, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Տ.Բալայանը նաև պատմեց, որ հարձակում գործած անձը վնասազերծվել է վիրավորված ՀՀ քաղաքացու օգնությամբ։ Մասնավորապես, վիրավոր վիճակում, նա շեզլոնգով հարվածել է հանցագործի գլխին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վիրավորների թվում ՀՀ քաղաքացի երկու կին կա։