20/07/2017 21:50
Հայաստանը չի անդամակցել ԵՏՄ-ին որևէ մի պետությանը լավություն անելու համար. Հայաստանը միացել է 170 միլիոնանոց շուկայի. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել է ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական հարցեր, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, թե ռուսերենը Հայաստանում պետք է պաշտոնական կարգավիճակ ստանա, ՀՀԿ խոսնակն ասաց, որ դա քննարկման ենթակա հայտարարություն չէ։
«Ամոթ էլ է դրա մասին քննարկումներ ծավալելը, Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է ու միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը»,-նշեց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի հայտարարություններին, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, Շարմազանովն ասաց, թե իր համար նորություն չէ, որ «Ելք» դաշինքի որոշ գործիչներ, կոնկրետ, «Լուսավոր Հայաստանը» իր քաղաքական պլատֆորմում չեն ողջունում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը։
«Դա իրենց խնդիրն է, բայց ես պետք է նշեմ, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը լոկ քաղաքական որոշում չէր միայն, դա որոշում է, որն ամրագրված է հստակ տնտեսական հաշվարկներով ու եթե կան քաղաքական ուժեր, ովքեր որ նման կոչեր են անում, ավելի լավ կլինի ոչ թե զգացմունքային, էմոցիոնալ հարթության վրա խոսեն, այլ կոնկրետ այլընտրանք առաջարկեն»,-ասաց Է. Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Հայաստանը միացել է 170 միլիոնանոց շուկայի։
«23 տոկոսով ավելացել է արտահանումը, ավելացել է նաև զբոսաշրջիկների թիվը, որի մեծամասնությունը ԵԱՏՄ երկրներից է, Արցախի հանրապետությում է ավելացել զբոսաշրջիկների թիվը, որոնց մեծ մասը կրկին ԵԱՏՄ երկրներից են, մենք չպիտի կատարենք քաղաքական հայտարարություններ առանց լուրջ հիմնավորումների»,-հավելեց նա:
Շարմազանովի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամագրումը դրական է, սա նաև նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է:
Նա համաձայնեց, որ այո, խնդիրներ, ինչպես ամեն մի միությունում, այստեղ էլ կան ու կարող են լինել: «Իսկ ո՞ր միությունում խնդիրներ չկան, ԵՄ-ո՞ւմ, ՆԱՏՕ-ո՞ւմ:Թող մեր ընդդիմադիր գործընկերներն էլ հաշվարկներ անեն, մենք ունենք հստակ մեր հաշվարկները, եթե նրանք էլ ունեն, թող հստակ ներկայացնեն այդ հաշվարկները, և եթե կարող են կոմպենսացնել վնասները, թող ցույց տան»,-ասաց նա:
Է. Շարմազանովը նաև հիշեցրեց, որ ԵՏՄ-ին միանալուն միայն ՀՀԿ-ն չէ կողմ քվեարկել, այլ խորհրդարանի մեծամասնությունը:
«Իսկ գյուղացիներին ու քաղաքացիներին հարցրե՞լ են, եթե դուրս եկանք, տնտեսություններն ինչքան վնասներ են կրելու, եթե կարող են չեզոքացնել, խնդիր չկա»,-նշեց նա, ապա հիշեցրեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում սահմանին գազի գինը մի քանի անգամ իջել է:
«Ի վերջո, ՀՀ-ն չի անդամակցել ԵՏՄ-ին որևէ մի պետությանը լավություն անելու համար, սա արել ենք՝ հաշվի առնելով մեր պետական շահը»,-հավելեց ՀՀԿ խոսնակը։