20/07/2017 12:44
«Սասնա ծռերի» գործ. Փաստաբանները պահանջում են դատարան բերել իրենց պաշտպանյալներին
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Դավիթ Գյուրջյանը հայտարարեց, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետն ավարտված է և միջնորդեց նրանց անհապաղ բերել դատական նիստերի դահլիճ:
«Մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ դատարանը հաշվարկում է դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան՝ ըստ դատական նիստերի ժամերի, ինչը որևէ օրենսգրքով սահմանված ընթացակարգ չէ, հետևաբար դատարանը պարտավոր էր սանկցիայի ժամերը հաշվարկել սովորական օրացուցային ժամերով և նման պայմաններում արդեն 400 ժամից ավելի է, ինչ այդ սանկցիայի ժամերն ավարտված են», - միջնորդությունը հիմնավորեց փաստաբան Գյուրջյանը:
Փաստաբանը հավելեց նաև, որ եթե իր պաշտպանյալը չբերվի դատական նիստերի դահլիճ, ինքը կհեռանա դահլիճից և չի մասնակցի նիստին: «Նրանց կողմից հստակ հանձնարարություն ունեմ, որ առանց իրենց մասնակցության, չմասնակցել նիստին», - ասաց Գյուրջյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: