20/07/2017 13:26
Կան կասեցումներ և ոչնչացված ապրանքներ. Պաղպաղակ արտադրող ընկերություններում խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության մասով իրականացվում է բավականին ծավալուն աշխատանք, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։
«Իրականացվում է աշխատանք տարբեր ոլորտներում՝ սննդամթերքի անվտանգության արտադրություններում, կաթնամթերքի վերամշակման ընկերությունում, պաղպաղակ արտադրող ընկերություններում», - ասաց նա։
Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրականացվում է բուսասանիտարական մոնիթորինգ, կատարվում է սանիտարական կենդանական ծագման ապրանքների մասով հսկողություն, ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր սպանդանոցային մորթի անցման ուղղությամբ։
«Ներդրվում են տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի մեխանզիմներ հաց ու միս տեղափոխող տրանսպորտային միջոցների համար, մոտ ժամանակներս մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ մեդիաարշավ կիրականացնեք», - ասաց Իշխան Կարապետյանը։
Անդրադառնալով պաղպաղակների թեմային, մասնավորապես, «Հետք» պարբերականի հրապարակմանը, ըստ որի՝ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին և չեն պարունակել բուսական յուղ, ՍԱՊԾ պետն ասաց, որ սահմանված ընթացակարգին համապատասխան ծառայությունն իրականացնում է նախապես պլանավորած ստուգումներ։
«Բնականաբար, կան արդյունքները, կան կասեցումներ և ոչնչացված ապրանքներ», - նշեց նա։
Հարցին՝ որ ընկերությունում են խախտումները հայտնաբերվել, Իշխան Կարապետյանն ասաց, որ զերծ կմնա անուներ հնչեցնելուց։
«Երբ ստուգման արդյունքները կավարտվեն տվյալ ամսվա համար, մենք տեղեկավտությունը կտրամադրենք», - ասաց նա։