12/08/2017 13:29
Արա Զոհրաբյանը առաջարդվում է ՓՊ նախագահի ընտրություններում
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Հարգելի՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո: 2013-2017 թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ:
Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները:
Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը: Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն արժևորելու համար:
Մեր ուժը միասնության մեջ է:
Փաստաբան Արա Զոհրաբյան», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՓՊ նախորդ ընտրություններում առաջադրված թեկնածուներից ՓՊ անդամ Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու այս անգամվա ընտրություններում, քանի որ Պալատը հիվանդ կառույց է և ինքը էներգիա չունի դրա վրա ծախսելու համար:
Սեպտեմբերի 9-ին տեղի կունենան Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ։ Փաստաբանների առաջադրման կամ ինքնաառաջադրման համար 5 օր ժամանակ է տրամադրված՝ օգոստոսի 12-ից մինչև 17-ը։ Թեկնածուների քարոզչությունն էլ տևելու է օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 7-ը։