18/08/2017 15:28
Ռուսական բանտում ինձ չեն խոշտանգել, իմ նկատմամբ բռնություն չի կիրառվել. Հրաչյա Հարությունյանը դատարանում է
Այսօր Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՌԴ-ում վթարի գործով դատապարտված և Հայաստան փոխանցված Հրաչյա Հարությունյանը հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն և խոշտանգում ռուսական բանտում չի գործադրվել:
Մինչև դատական նիստի մեկնարկը նա պատասխանեց մի քանի հարցերի և խոսում էր կցկտուր, հարցերին պատասխանում էր՝ այո կամ ոչ:
Նա ասաց, որ իրեն պատժախցում են պահել՝ ճաշարան չներկայանալու պատճառով: «Բայց այդպես չէր», - ասաց Հարությունյանը՝ չհստակեցնելով, թե ինչ պատճառով է պատժախցում եղել երկար ժամանակով:
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, ապա Հարությունյանն ասաց, որ ինքն իրեն մեղավոր համարում է միայն կանոնները խախտելու մեջ: «Մեքենան սարքին է եղել», - հավելեց Հարությունյանը:
Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատարանում քննվում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության ներկայացրած միջնորդությունը ռուսական դատարանի վճիռը ճանաչելու վերաբերյալ: