07/09/2017 15:07
Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ ծայրահեղ ծանր
Վրաստանում այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 43-ամյա Լուսինե Մինասյանը և 7-ամյա Մաքսիմ Մինասյանը Ռուսաստանի քաղաքացիներ են, լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության փոխգնդապետ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Հրանտ Ճաղարյանը։
«Վիրավորներն են 1993 թվականին ծնված Ալինա Մինասյանը, 1980 Ռոման Հայրապետյանը, և 2005 թվականին ծնված Անուշիկ Մալխասյանը։ Երեքն էլ Մցխեթա բուժկենտրոնում են գտնվում։ Ռոման Հայրապետյանի վիճակը գնահատվում է ծանր, մնացած երկուսինը՝ ծայրահեղ ծանր», - ասաց նա՝ ընդգծելով, որ Անուշիկ Մինասյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Ալինա Մինասյանն ունի երկքաղաքացիություն։
Հրանտ Ճաղարյանի խոսքով՝ ավտոբուսում տուժածների վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա. «Հավանաբար ավտոբուսում ոչ ոք չի տուժել։ Ստացել են թեթև վնասվածներ, քանի որ ավտոբուսից ոչ ոք չի հոսպիտալացվել»։
Վերջինս ընդգծեց, որ վթարի պատճառները ճշտվում են։ Ըստ նախնական վարկածի՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոբուսին։