11/09/2017 16:05
ԵԱՀԿ ՄԽ-ն բավարար չափով թափանցիկ չէ և նպաստում է ապատեղեկատվության տարածմանը. Ռիչարդ Կիրակոսյան
Քառօրյա պատերազմը շատ կտրուկ և հանկարծակի փոփոխություն առաջացրեց տարածաշրջանային անվտանգության համակարգում, «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա ընդգծեց՝ այս լանդշաֆտում թե՛ ուժի նուրբ հավասարակշռությունը, թե՛ միջնորդության և դիվանագիտության մարտահրավերները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ հանկարծակի պատերազմի վտանգը չափազանց բարձր է մնում:
«Բոլոր կողմերում պետական գործիչների կամքի պակաս կա», - ասաց Ռ. Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությանը, նա նշեց, որ մտահոգիչ միտում է տեսնում:
«Ադրբեջանը կարողացավ ստիպել, որ փակվի ԵԱՀԿ վերջին գրասենյակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: ԵԱՀԿ գրասենյակի փակումը Երևանում հարված էր անվտանգության հեռանկարին», - ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքնին շատ բարդ իրավիճակում է հիմա ու դիվանագիտության հեռանկարը մնում է նույնչափ դժգույն, որքան միջնորդական գործընթացն է դարձել:
«ԵԱՀԿ ՄԽ-ն շատ առումներով մրցավարներ չեն, նրանցից չի ակնկալվում, որ կմեղադրեն այս կամ այն կողմին, նրանք կարող են միջնորդել և հաշվի առնել հակամարտության կողմերի ցուցաբերած կամքը: Հակամարտության ոչ բոլոր մասնակիցներն են սեղանի շուրջ ներկայացված՝ որպես բանակցող: Մինսկի խումբը բավարար չափով թափանցիկ չէ և նպաստում է ապատեղեկատվության տարածմանը, և խումբ չէ, որովհետև չեն կիսում բեռի ռեսուրսները», - նշեց նա:
Ըստ Կիրակոսյանի՝ միտում կա խիստ նվազեցնել ԱՄՆ-ի դերը ՄԽ-ում՝ նախաձեռնությունը ՌԴ-ին զիջելու կամ թողնելու առումով:
Ռ. Կիրակոսյանի խոսքով` ԱՄՆ-ի անորոշությունը ևս մտահոգիչ է:
«Մենք տեսնում ենք, որ բավական անորոշ քաղաքականություն է իրականացնում Թրամփի վարչակազմը, որն ազդում է Ղարաբաղի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում», - ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին անհրաժեշտ է վերահաստատել փոխզիջումների ու զիջումների անհրաժեշտությունը ու կրկնել, թե ինչպիսի օգուտներ կլինեն հակամարտության կարգավորման առումով:
«Լեռնային Ղարաբաղում նվազում է ժողովրդավարության ցուցանիշը: Այն փաստը, որ Հայաստանը ներկայումս չունի խաղաղությանը հանձառու գործընկեր, արդարացում չէ, ՀՀ կառավությանը պետք է քաջալերել, որ պահպանի քաղաքականությունը, որ ԼՂ սահմաններից անդին ընկած տարածքները մի քանի առավելություններ ունեն», - հավելեց նա: