14/09/2017 10:05
Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի ուսուցիչները պատրաստվում են անժամկետ գործադուլ սկսել. դպրոցի նորոգում խոստանում են, իսկ քայլեր չկան
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի խնդրին Aysor.am-ն անդրադարձել էր:
Այսօր դպրոցի ուսուցչական անձնակազմը հանդես է եկել բոլոր պատասխանատու կառույցներին ուղղված բաց նամակով, որում նշում են` «եթե դպրոցի նորոգման հարցը չլուծվի` ստիպված կլինեն անժամկետ գործադուլ սկսել»:
«Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում 601 աշակերտ: Այդ պատճառով դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի և տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ և մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուսումնական տարում տեղ չլինելու պատճառով օրենքի խախտմամբ ունեցել ենք երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել ենք 56 շրջանավարտ և 76 առաջին դասարանցիներ (38 հոգանոց գերհագեցած 2 դասարան)», - ահազանգում է դպրոցի անձնակազմը` շեշտելով, որ դպրոցի վերանորոգման հարցը դարձել է անհետաձգելի:
Բանն այն է, որ հիմնական դպրոցի 600 աշակերտներ տեղավորվում ենք մեկ եռահարկ մասնաշենքում, մինչդեռ դպրոցի տարածքում կա ևս մեկ մասնաշենք, որը հնարավոր է չէ օգտագործել դասապրոցեսի համար լիովին անբարեկարգ լինելու պատճառով: Դրա նորոգման հարցն էլ բազմիցս բարձրացվել է, տրվել են խոստումներ, բայց գործողություններ` չկան:
«Խնդրին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, բայց նրանց անգործության պատճառով տարիներ շարունակ երեխաները զրկված են կրթություն ստանալու բավարար պայմաններից:
Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական համայնքը հայտարարում են, որ դպրոցը պետք է անհապաղ հիմնանորոգել: Դրա հետ մեկտեղ առաջարկում է ժամանակավոր միջանկյալ լուծում` ծայրահեղ վիճակը մեղմելու նպատակով: Դպրոցից 500 մ հեռավորության վրա գտնվում է Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը նախատեսված է 1500 աշակերտի համար, բայց ներկայումս սովորում է280 աշակերտ: Մենք առաջարկում ենք տարրական դպրոցը` 293 աշակերտով, ժամանակավորապես տեղափոխել ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, մինչև դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Այս միջանկյալ լուծումը համընկնում է ՀՀ կառավարության և ԿԳՆ ռազմավարությանը: 2017 թվականի մայիսի 4-ին դպրոցի մանկավարժներն իրականացրել են մեկօրյա նախազգուշական գործադուլ, որից հետո պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլ չի արվել:
Տասն օրվա ընթացքում հարցին խելամիտ լուծում չտալու դեպքում Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և ծնողական համայնքը ստիպված են գնալ անժամկետ գործադուլի»,- հայտարարում է Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը: