14/09/2017 11:07
Աշխատելով կառավարությունում` բախվում ես իրականությանը. Կարեն Կարապետյան
Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը, կարծում եմ, շատ հետաքրքրիր մարտահրավեր է, Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Փոքր Անցումային Տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» խորագրով համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց` երբեմն դասական համարվող լուծումներն ու տեսությունները գործնականում չեն աշխատում:
«Պետք է ֆիքսենք, որ ապրում ենք չափազանց հետաքրքրիր ժամանակաշրջանում: Դասական տեսություններն ու լուծումները, կարծես, երբեմն չեն տալիս լուծումներ մեր առջև կանգնած խնդիրներին: Այդ տեսությունների ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է այն արդյունքները, որոնք այդ տեսությունները խոստանում են: Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի, թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն», - ասաց Կարեն Կարապետյանը:
«Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան», - նշեց նա:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը կարող է լավագույն հարթակ դառնալ ԵԱՏՄ, ԵՄ և Իրանի շուկա մտնելու համար:
«Ավելին` Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որն առևտրի հատուկ ռեժիմ կունենա և ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` էական շեշտ է դրվելու պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման վրա. «Իրականում` մեր առավելությունը մեր փոքրության մեջ է, որը մեզ տալիս է փոփոխություններին արագ արձագանքելու և արդյունավետ լինելու հնարավորություն: Մենք որոշել ենք, որ 2018թ.-ից սկսած Հայաստանում կազմակերպելու ենք ռեգուլյար մեծ տնտեսական ու ներդրումային ֆորումներ»:
Դիմելով համաժողովին ներկա երիտասարդներին` վարչապետը հորդորեց լինել համարձակ.
«Եղեք համարձակ, որևէ հեղինակությունից մի վախեցեք, ձեր կարծիքը միշտ հայտնեք, ամեն առավոտ զարթնելուց ուրախացեք, որ այս օրը կարող եք մի բան փոխել»:
Հայ-ռուսական համալսարանի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Թել Ավիվի համալսարանում գործող Բորիս Մինցի ինստիտուտի (ԲՄԻ) հետ համատեղ կազմակերպված կոնֆերանսին մասնակցում են ԲՄԻ խորհրդի անդամներ՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Չեռնոգորիայի նախկին վարչապետ Իգոր Լուկշիչը, ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպան Իթամար Ռաբինովիչը, ռուսաստանցի հայտնի գործարար և հասարակական-քաղաքականգործիչ Բորիս Մինցը և այլք:
Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը, համալսարանի պրոֆեսորներ Էդվարդ Սանդոյանը և Հրանտ Բագրատյանը:
Միջոցառմանն ամփոփիչ խոսքով հանդես կգա Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը: