15/09/2017 17:26
Դատավորը անտեսել է «Սասնա ծռերի» գործով ՍԴ դիմելու միջնորդությունը. Հանրային պաշտպանը խոստանում է հետևողական լինել
«Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը առանց քննության է թողել նույն գործով ամբաստանյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի շահերի պաշտպան ներգրաված հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանի միջնորդությունը՝ այս քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ և՛ ինքը, և՛ Հանրային պաշտպանի գրասենյակը ուշադրություն են դարձնելու այդ միջնորդությանը և հետևողական են լինելու, որպեսզի հարցը լուծում ստանա:
Նշենք, որ դեռևս օգոստոսի 31-ին տեղի ունեցած դատական նիստում, երբ փաստաբան Մուշեղ Շուշանյանը խուզարկության պատճառով չկարողացավ մուտք գործել նիստերի դահլիճ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որպես ամբաստանյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի շահերի պաշտպան ներգրավեց հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանին: Եվ դա դատավորն արեց այն դեպքում, երբ ամբաստանյալները դրա վերաբերյալ դիրքորոշում չհայտնեցին, այսինքն՝ չեն ասել, թե համաձայն են կամ համաձայն չեն, որ Լիաննա Գասպարյանը ստանձնի իրենց պաշտպանությունը:
Հենց նույն՝ օգոստոսի 31-ին տեղի ունեցած դատական նիստում էր, որ հանրային պաշտպանը դատարանին միջնորդել էր կասեցնել քրեական գործի վարույթը և դիմել ՍԴ:
«Դատարանը այս քրեական գործով Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի պաշտպան ներգրավեց Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով: Գտնում եմ, որ 69-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին: Միջնորդում եմ վարույթը կասեցնել, դիմել Սահմանադրական դատարան Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխանության հարցը Սահմանադրության 66-րդ 2-րդ մասի համապատասխան լուծելու նպատակով: Խնդրում եմ միջնորդությանս վերաբերվել լուրջ և պահանջում եմ, որ այն լուծվի այս նիստում», - դատարանում հայտարարել էր Գասպարյանը:
Այն, որ դատավոր Արտուշ Գաբրիելանը առանց քննության է թողել իր ներկայացրած միջնորդությունը, հանրային պաշտպան Գասպարյանը օրինական չի համարում:
«Միջնորդությունը առանց քննության թողնելը բացասական եմ համարում, քանի որ այդ միջնորդությունից է կախված այդ դատական նիստերի, դատաքննության հետագա փուլը, որովհետև այդ միջնորդությունը շատ կարևոր է, քանի որ դրա հետևանքներից է բխում մեր՝ դատական նիստերին մասնակցությունը, դրանց հետագա ընթացքը», - Aysor.am-ին ասաց Լիաննա Գասպարյանը:
Նրա խոսքով՝ դրանից հետո հաջորդ դատական նիստում էլ դատավոր Գաբրիելյանին հիշեցրել է իր ներկայացրած միջնորդության մասին, սակայն դատավորի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել:
Բացի այդ, Լիաննա Գասպարյանը Վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել օգոստոսի 31-ի դատական նիստում դատավոր Գաբրիելյանի որոշումը՝ «պաշտպան ներգրավվելու մասին: Նրա խոսքով՝ այս պահին Վերաքննիչ դատարանից այդ բողոքի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Նշենք նաև, որ Լիաննա Գասպարյանը երեկվա դատական նիստում հանդես եկավ միջնորդությամբ Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների հետ տեսակցությունների և հեռախոսային կապն արգելելու մասին նախաքննության մարմնի կողմից կայացված որոշումը վերացնելու պահանջով: Դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը:
«Այդ պահին ամբաստանյալների կողմից ինձ որպես իրենց պաշտպան լիազորելու որևէ դիրքորոշում չի եղել, սակայն ես չէի կարող նման միջնորդությամբ հանդես չգալ, քանի որ այդ պահին որպես նշանակված փաստաբան էի և այդ միջնորդությունը բխում էր իրենց օրինական շահերից: Ինձ մոտեցան Թորոսյանի ու Կյուրեղյանի հարազատները և շնորհակալություն են հայտնել նման միջնորդություն հայտնելու համար: Այնուհետև զանգահարել են և հետաքրքրվել, թե կա՞ քրեակատարողական հիմնարկից համապատասխան գրություն, որ կարողանան գնալ տեսակցել», - եզրափակեց հանրային պաշտպանը: