Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ՝ Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել. Գարո Փայլան
19/09/2017 13:20

Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ՝ Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել. Գարո Փայլան

Թուրքիայի Հանրապետությունը, դժբախտաբար, հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը, «Հայաստան-Սփյուռք» համաժողովին հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
 
«Այն հայերը որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի պահանջների մասին», - ասաց Գարո Փայլանը՝ հավելելով, թե դրանից հետո թուրքահայերը ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան: 
 
Փայլանը հայտարարեց նաև, որ առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել։
 
«Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ», - ասաց նա: 
 
Գարո Փայլանը ընդգծեց, թե դժվար է ժողովրդավարության պայքարը, քանի որ, ըստ նրա, վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում: 
 
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ», - ասաց Փայլանը՝ ավելացնելով, որ իրավունք չունենք ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու։
Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ՝ Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել. Գարո Փայլան