19/09/2017 15:52
Հայրենիքը սփյուռքահայի համար պետք է դառնա մագնիս, ինչպես Իսրայելն էր շատ իսրայելցիների համար. Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հայտարարության այն հատվածի հետ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներում հայկական սփյուռքը պետք է նոր ռազմավարություն, նոր օրակարգ ձևավորի: Ընդհանրապես, ըստ Նավասարդյանի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով հայկական դիվանագիտությունը չպետք է կաշկանդվի:
«Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից է միշտ եղել և այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել: Բայց փոփոխվող աշխարհում, եթե մենք կաշկանդվենք միայն Եղեռնի ճանաչման հարցով, մենք կկորցնենք մյուս խնդիրները: Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:
Դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Դիվանագիտությունը, լինելով արտաքին քաղաքականության գործիք, իր գործունեության շրջանակները նաև պետք է տարածի ներքին խնդիրների՝ կրթություն, գիտությունը, գյուղատնտեսություն, առողջապահություն լուծման վրա: Եթե այս հարցերով դիվանագիտությունը չի զբաղվում, ապա արդեն դառնում է ստերջ, չբեր դիվանագիտություն», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստան-Սփյուռք համաժողովում նախագահ Սարգսյանի ելույթը, ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով, օրինակ, ԱՄՆ-ն այն երկրներից է, որի հնարավորությունները մեծ են և այս երկրի հետ հարաբերություններում պետք չէ կենտրոնանալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա:
«Ամերիկայի հայ համայնքը ինքնին շատ կարևոր համայնք է և մշտապես ճնշում է գործադրում ԱՄՆ ղեկավարության վրա եղեռնը ճանաչելու հարցում: Առաջնային համարել այդ հարցը և ասել, որ եթե եղեռնը չճանաչեցիր, ես քեզ հետ հարաբերություններ չեմ զարգացնելու, ապա դա շատ սխալ քաղաքականություն է», - նկատեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Դիտարկմանը, թե, օրինակ, ռուսական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարց բարձրացնելու խնդիր չունի և այս պարագայում ո՞րը կարող է լինել այս համայնքի նոր օրակարգը, Ա. Նավասարդյանը արձագանքեց. «Պետք է աշխատի հայրենիքի համար, պետք է կարողանալ այնպես անել, որ ամեն հայ դրսում աշխատի իր հայրենիքի համար: Դրա համար պետք է հայրենասիրությունը նրանց մոտ լինի, պահպանվի: Սա շատ դժվար երևույթ է»:
Ինչ վերաբեում է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրին, ապա, Նավասարդյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները Հայաստանում բարեկեցիկ ապրելու պայմաններ պետք է ստեղծեն, որպեսզի ՀՀ բնակիչները չմտածեն արտագաղթելու մասին, ավելին՝ վերադառնան Հայաստան: Իսկ բարեկեցիկ ապրելու պայմաններ ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, իրավական հավասար պայմաններ, վերացնել կոռուպցիան, մենաշնորհը: «Եթե այդ բոլորը միասին աշխատեն, գնացող չի լինի», -նկատեց քաղաքագետը:
Մյուս կողմից, նրա խոսքով, արտագաղթը հայերի մոտ գենետիկ է, և հայերը սիրում են հեռանալ երկրից, արտագաղթել: «Մարդիկ կարող են այստեղ մատը մատին չխփել, բայց գնալ դուրս ու այնտեղ ուրիշի կեղտը թափել: Նման օրինակներ հարյուրավոր գիտեմ: Սա կոչվում է որտեղ հաց, այնտեղ կաց: 5-րդ դարում Վարդան Մամիկոնյանի նման հերոսը ասում էր՝ գնանք Բյուզանդիայում ապրենք: Եկեղեցին ասում էր՝ գնացեք, որտեղ եկեղեցի ու համայնք ստեղծեք, դա կհամարվի ձեր հայրենիքը: Սա նշանակում է հողի արժեքը չմտցնել մարդկանց գիտակցության մեջ, չասել նրանց, որ սա քոնն է, չի կարելի այն թողնել ու գնալ», - նշեց Ա. Նավասարդյանը:
Անդրադառնալով նույն ծրագրի շրջանակում ենթադրվող ներգաղթին՝ Նավասարդյանն ասաց, որ սփյուռքից Հայաստան եկած, ներդրումներ կատարած և խաբված գործարարները շատ արագ կհեռանան Հայաստանից, և իշխանությունների նկատմամբ վստահությունը, հաստատ, չի բարձրանա:
«Եթե սփյուռքահայը Հայաստանում փորձում է ներդրում կատարել և խաբվում է, դա պարզապես կարող է ազդել իշխանության նկատմամբ վստահության վրա: Պետք է հասնել այն բանի, այն մակարդակի, որ հայրենիքը նրանց համար դառնա մի այնպիսի մագնիս, որ երկիրը կարողանա գրավել սփյուռքահայերին: Օրինակ, դրան հասել են իսրայելցիները և բանակի ձևավորման, և միգրացիոն քաղաքականության հարցում», - հավելեց քաղաքագետը: