18/09/2017 11:36
Տարածաշրջանում խաղաղություն հաստատելը Թուրքիայի ներկայիս վարչակարգի շահերից չի բխում. Սերժ Սարգսյան
Այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրված ենք ապրելու շրջափակման մեջ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում: 2015 թվականի փետրվարի 16-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել», - ասաց նա:
Ս.Սարգսյանի խոսքով, տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության:
«Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ: Արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար: Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված իմ ուղերձում արդեն ներկայացրել եմ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրման կարևորությունը, որը, անշուշտ, ավելի զորեղ կդառնա սփյուռքի անհատների և կառույցների աջակցությամբ», - հայտարարեց ՀՀ նախագահը:
«Վստահ եմ, որ սփյուռքի և հայրենիքի ներուժի շարունակական բացահայտման ջանքերը նոր լիցք կստանան Համահայկական խորհրդի ձևավորմամբ: Այս համաժողովը նշանավորվում է նաև այդ Խորհրդի ձևավորմանն ուղղված ևս մեկ որոշիչ քայլով: Այսօր մենք ի մի կբերենք նախորդ երկու տարիներին կատարված նախապատրաստական աշխատանքները և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում կընդունենք վերջնական որոշում», - ասաց Ս.Սարգսյանը: