19/09/2017 12:38
Եթե նման բան է եղել, շատ վատ է. Արմեն Ռուստամյանը՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին «Ելք»-ին չհրավիրելու մասին
Եթե իսկապես «Ելք» խմբակցությունը հրավեր չի ստացել «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովին մասնակցելու, ապա շատ վատ է, «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Չգիտեմ՝ ինչպես կարող էր նման բան լինել, բայց եթե նման բան է եղել, շատ վատ է», - ասաց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ որքանով ինքը տեղյակ է, բոլոր պատգամավորները ստացել են համաժողովին մասնակցելու հրավեր:
Հիշեցենք, որ երեկ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ այսօր նշել էր, որ չի կարծում, թե ընդդիմության նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել: