19/09/2017 15:39
ՍՄԱՐԹ կենտրոնների հիմնումը հայաստանյան գյուղերի փրկությունը կարող է լինել. Գարո Արմեն (Տեսանյութ)
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր, ՍՄԱՐԹ կենտրոնի նախաձեռնող Գարո Արմենը մտադիր է ՍՄԱՐԹ կենտրոններ հիմնել Հայաստանի գյուղերում:
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում Գարո Արմենն ընդգծեց, որ հիմադրամը սկսել է գործել 14 տարի առաջ և բավականին արդյունավետ է գործում: Նրա խոսքով՝ գյուղերում երեխաների կարողությունները բարձր են, մինչդեռ ռեսուրսների բացակայության պաճառով դրանք հնարավոր չի լինում կյանքի կոչել:
«Հայ ազգը շատ աշխատասեր է, բայց աշխատասիրությունը բավարար չէ: Պետք է խելացի ձևով աշխատել, դրա համար ուզում ենք ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով տարածվել հայաստանյան բոլոր գյուղերում», - ասաց նա:
Գարո Արմենը վստահություն հայտնեց, որ ծրագիրը Հայաստանի գյուղերում ապրող հաջորդ սերունդների փրկությունը կլինի:
Aysor.am-ի թղթակից դիտարկմանը, թե ի՞նչ միջոցներ են պետք ծրագիրը գյուղերում տարածելու համար, Գարո Արմենն արձագանքեց.
«Գործերը տարածելու համար մի քանի բանի պետքություն ունենք: Գումարը կարևոր է: Մենք հաշվարկել ենք, որ, օրինակ, 20 սմարթ կենտրոնի համար գումարը 200 մլն դոլար պիտի լինի: Հարուստ հայեր կան, որ իրենց համար այս գումարը տալով գրպանի տարբերությունը չեն զգա, բայց սա գյուղերի ու գավառների փրկությունը կարող է լինել»:
Գարո Արմենը նշեց, որ թեև համաժողովը կարևոր է, բայց դրանից զատ պետք է հստակ քայլեր արվեն, որոնք միտված կլինեն ծրագրերի կյանքի կոչմանը:
«Ուսումի զարգացած մոդելները պիտի տարածենք: Այդ գործը դյուրին գործ չէ, բայց կարող ենք կատարել», - եզրափակեց նա:
Նշենք, որ Հայաստանում կրթական նորարար ծրագրերի զարգացման վերաբերյալ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի իր ելույթում խոսել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն», - նշել էր Ս.Սարգսյանը: