20/09/2017 11:55
Որպես նախագահ՝ ՄԱԿ-ում Սարգսյանի վերջին ելույթն էր, որին տրվեց պատմական կնիք. Կիրո Մանոյան
ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշացած էր, բայց «շատ ճիշտ»:
«Ուշացած, բայց շատ ճիշտ հայտարարություն էր: Լավ է, որ արվեց նման հայտարարություն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանի ելույթը:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար դրական տեղաշարժ չի եղել և այդ պատճառով Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ։
«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», -հայտարարել էր Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք նախագահի ելույթում շեշտված մինչև գարուն ժամանակահատվածը թուրքական կողմի համար տեղ չի՞ թողնում ընդառաջ քայլ կատարելու, Մանոյանը պատասխանեց. «Իհարկե, ինչ-որ տեղ թողնվում է, որ եթե հանկարծ Թուրքիան, հովանավորները եթե բան ունենան անելու, անեն: Բայց հույս ունեմ՝ չեն անի»:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Սարգսյանի գնահատականներին, Մանոյանը դրանքը ողջունելի համարեց: «Վերջին ամիսներին արդեն երևի 20-րդ անգամն է, որ նախագահը հայտարարում է, թե առաջնայինը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, իսկ մնացյալ հարցերը ածանցյալ են», - ասաց Մանոյանը:
Դաշնակցական գործիչը նկատեց՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից որպես նախագահ այս ելույթը Սերժ Սարգսյանի վերջին ելույթն էր: Դաշնակցականի տպավորությամբ, Սարգսյանը ցանկացել էր իր ելույթին տալ «պատմական կնիք»:
«Նախագահը ցանկացել էր իր ելույթին տալ պատմական կնիք և դա նրա մոտ ստացվել էր: Որպես նախագահ՝ նրա վերջին ելույթն էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, և ելույթի բովանդակությունն այնպիսին էր, որ կարծում եմ՝ ժամանակը կգա հաստատելու, որ դա պատմական ելույթ էր», - հավելեց Մանոյանը: