22/09/2017 11:43
Կառավարությունը պատրաստվում է միջազգային տնտեսական համաժողովին. Կմշակվի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:
«Վերջերս կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում մենք ներկայացրեցինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր», - ասաց նա:
Վարչապետն անհրաժեշտ համարեց մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժոովի կազմը՝ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ:
«Խոսքը հետևյալի մասին է. մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ մենք պատմելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումները, պատկերացումները, ինչպես նաև՝ այդ հարթակում ստեղծել հնարավորություն մեր պատրաստած նախագծերը պոտենցյալ գործընկերներին ներկայացնելու համար», - ասաց նա: