25/09/2017 14:53
Թեհրանը վիրավորական է համարում Միացյալ նահանգներ իրանցիների մուտքի նոր արգելքի Թրամփի որոշումը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վիրավորական է համարում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեպի ԱՄՆ իրանցիների մուտքի նոր արգելքը, հայտնում է РИА Новости-ն:
«Իրանցիների նկատմամբ Թրամփի շինծու կարեկցանքն էլ ավելի կեղծավոր է հնչում այդքան երևելի ժողովրդի նկատմամբ իր նոր և շատ ավելի վիրավորական արգելքով», - գրել է Զարիֆը Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների քաղաքացիների մուտքի նոր սահմանափակումների մասին: Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի և Չադի քաղաքացիների համար արգելքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից: Արգելքի ցուցակում կմնան Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի քաղաքացիները, ընդ որում հոկտեմբերի 18-ից սահմանափակումները կխստացվեն և կտարածվեն այդ թվում նաև նրանց վրա, ովքեր ունեն ԱՄՆ-ի բնակիչների հետ ապացուցված կապ: Երկրների ցուցակից հանվել է Սուդանը: