26/09/2017 16:10
Վարչապետի հայտարարագրից բացակայում են 70 մլն ռուբլին և TOYOTA LAND CRUISER ավտոմեքենան
Վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցվածքում պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։
Նախորդ տարվա ընթացքում վարչապետը հայտարարագրել էր 50 միլիոն ՀՀ դրամի արժեթղթեր, դրանք այս տարի ևս պահպանվում են։
Վարչապետի՝ 8 մլն դրամը գերազանցող ձեռքի 3 ժամացույցը ևս պահպանվել են։
Հայտարարագրում նախորդ տարվա համեմատ բացակայում է վարչապետին պատկանող TOYOTA LAND CRUISER ավտոմեքենան, LEXUS LX 470-ը պահպանվել է։
Նշվում է, որ գույքն օտարելու միջոցով վարչապետը ստացել է 1 մլն 500 հազար դրամ եկամուտ։
Մեկ տարի առաջ պաշտոնը ստանձնելիս վարչապետի դրամական միջոցները եղել են այսպես. 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Արտարժույթով ներկայացված դրամական միջոցները մնացել են անփոփոխ, 120 միլիոն ՀՀ դրամը նվազել է՝ 112 միլիոն դրամ։
Ուշագրավ է, որ աշխատավարձից ստացած վարձատրության և այլ եկամուտների բաժնում նախորդ տարի վարչապետը հայտարարագրել էր 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այս տարի այդ գումարը նշված չէ հայտարարագրում։
Ավելի վաղ Aysor.am-ն անդրադարձել էր կառավարության անդամների՝ պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրած ունեցվածքին, այժմ ներկայացնում ենք նրանց հայտարարագրերը՝ պաշտոնավարումից մեկ տարի անց։