28/09/2017 20:32
Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զսպիչ գործոնը չլիներ՝ Թուրքիան վաղուց ասպատակել էր ներկայիս Հայաստանն ու Արցախը. Դավիթ Բաբայան
Թուրքիան ոչ միայն հայտարարություններ է անում, այլև գործնականորեն խանգարում է հայկական կողմին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանը, ով Բաքվում ասել է, որ «պետք է անպայման ազատագրել օկուպացված Ղարաբաղը»:
«Մենք տեսնում ենք Թուրքիայի ապակառուցողական դերը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այլև նույն Քուրդիստանի հարցում։ Փաստորեն վերջնագրերի, ֆաշիստական քաղաքականության լեզվով է խոսում, որ պատրաստվում են քրդերին շրջափակել, սովամահ անել։ Այսպիսի տերմինաբանություն օգտագործում էին նացիստները, թուրքերը և այսօրվա ծայրահեղական խմբավորումները, և, բնական է, որ այսպիսի հայտարարությունները սպասելի են», - ասաց Դ. Բաբայանը։
Նա ընդգծեց՝ Թուրքիան ոչ միայն հայտարարություններ է անում, այլ գործնականորեն խանգարում է մեզ, ամեն ինչով սատարում է Ադրբեջանին։
«Թուրքիան վարում է ցեղասպան քաղաքականություն, մենք երբևիցե պատրանքներով չպետք է տառապենք Թուրքիայի նկատմամբ։ Ի դեմս Թուրքիայի՝ մենք ունենք հրեշավոր մի պետություն, որը ցանկացած պահի, եթե թուլանա հայոց պետականությունը և մեր կապերը ռազմավարական դաշնակիցների հետ, անպայման քայլեր է ձեռնարկելու և օգտվելու է իրավիճակից», - նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։
Դավիթ Բաբայանն ասաց, որ նման հայտարարություններով հանդես գալը Թուրքիայի քաղաքականությունն է։
«Մի պետություն, որ ընդհանրապես հայրենիք չունի, այլ ժողովուրդների հայրենիքն է բռնակցել՝ պատմական Հայաստանը, Բյուզանդիան, հունական հողերը, և լինելով մի երկիր, որը օկուպանտ է իր էությամբ, խոսում է ինչ-որ ադրբեջանական հողերի մասին։ Նույն Ադրբեջան պետության ձևավորումը թուրքերի ծրագիրն էր, արհեստականորեն ստեղծել Ադրբեջան պետությունը՝ օկուպացիայի համար է ստեղծել այդ հենակետը, այսինքն՝ Ադրբեջանը աշխարհաքաղաքական հենակետ է եղել Թուրքիայի համար իր պանթուրքիստական քաղաքականությունը վարելու։ Սա է խնդիրը», - ասաց նա։
Դ. Բաբայանն ընդգծեց՝ Թուրքիային զսպում են թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե տարածաշրջանային մի շարք երկրներ։
«Եթե այդ զսպիչ հանգամանքը չլիներ, վաղուց ասպատակել էր ներկայիս Հայաստանն ու Արցախը, կհարձակվեր ու կոչնչացներ։ Մի մոռացեք, որ Թուրքիան այդպիսի ձեռնարկումներ արել է դարեր շարունակ», - հավելեց Դավիթ Բաբայանը։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։
«Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից», - նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Նշենք, որ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում աջակցություն է հայտնել Ադրբեջանին: