30/09/2017 12:40
Պետք է ստեղծել հիբրիդային հակամարտության ոլորտում առկա ռիսկերի կառավարման նախադրյալներ. Արման Սաղաթելյան (Տեսանյութ)
Պետք է ստեղծել որոշակի նախադրյալներ, որ անվտանգության պայմանագրի շրջանակում գտնվող երկրներն ունենան միասնական և՛ պատկերացումներ, և՛ մեթոդաբանություն, որպեսզի հիբրիդային հակամարտության ոլորտում կարողանան կառավարել առկա ռիսկերը, «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումների ընթացքում լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը։
«Ակնհայտ է, որ ռազմական բաղադրիչը գնալով իր տեղն էլ ավելի է զիջում ազդեցության այլ եղանակներին, մասնավորապես՝ տնտեսական, տեղեկատվական-տեխնիկական, տեղեկատվական-հոգեբանական և այլն», - ասաց Արման Սաղաթելյանը։
Նա նշեց, թե այս ամենից ելնելով՝ Հայաստանը պարտավոր է իր գործընկերների հետ պարբերաբար քննարկումների գնալ, գուցե և ընդհանուր հայտարարի գալ.
«Դա, իհարկե, դժվար է լինելու, որովհետև մենք ունենք տարբեր մոտեցումներ և օրենսդրական դաշտ, բայց այս երկխոսությունն անհրաժեշտ է»։
Պատգամավորի խոսքով՝ հիբրիդային բաղադրիչը միշտ էլ եղել է ղարաբաղյան հակամարտության մեջ։
«Այն կոնֆլիկտում, որտեղ ներգրավված ենք մենք, միգուցե գերակշռել է ռազմական բաղադրիչը, բայց 1994 թվականից ի վեր մենք անընդհատ գտնվել ենք հիբրիդային ազդեցության և հիբրիդային հակամարտության շրջանականերում, որում առավել մեծ տեղ է ունեցել տեղեկատվական և քարոզչական տարրը», - ասաց Արման Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, թե այս տարիների ընթացքում Հայաստանը միշտ իրենց հաջող է դրսևորել և կարողացել է պատշաճ պաշտպանել իր բոլոր շահերը։
«Եթե գնահատենք ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմի աշխատանքը, ապա մենք բոլորս հաղթել ենք և մեր դիրքերը շատ ավելի լուրջ էին, քան՝ հակառակորդինը։ Սա, իհարկե, հուսադրող է», - եզրափակեց Արման Սաղաթելյանը։
Երևանում մեկնարկել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները, որոնք անցկացվում են համաձայն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ գործունեության ծրագրի։